ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Շուշիի մատույցներում տիրող իրավիճակին. «Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում:
Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից: Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն՝ ամեն մի ոչնչացված դիվերսանտի գրպանում դրոշ կար, խդնիր ունեն կոնկրետ: Երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել և չի պատկերացնում, որ այդ խմբերը կոնկրետ խնդիրներ չեն կարող լուծել. հարձակվողները, որպես կանոն, չեն փախչում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: