Մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է՝ պատերազմն այս ճգնաժամի լուծումը չէ». Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ինչպես նշում է tasnimnews.com կայքը, զրույցի ընթացքում իրանական կողմն ընդգծել է հակամարտության գոտուն մոտ գտնվող իրական պետության սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,-Էրդողանին ասել է Ռոհանին:

Վերջինս ընդգծել է, որ Իրանն ու Անկարան՝ որպես հզոր տարածաշրջանային երկրներ, կարող են ուժերը համատեղել ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ օգնել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերականգնմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика