Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика