Ռուսաստանը տարօրինակ է համարում Ալիևի զգացմունքային արձագանքը Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղում արտերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ հնչեցրած խոսքերին. ТАСС

Ռուսաստանը տարօրինակ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զգացմունքային արձագանքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին Լեռնային Ղարաբաղում արտերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ: Այս մասին ռուսական «ТАСС» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:«Անկեղծ ասած՝ մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլյամ Հեյդարի Ալիևի արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Ադրբեջանի նախագահի օգնականները, միգուցե, ինչ-որ նյութ են ցույց տվել նրան, կամ էլ՝ իրենց սեփական մեկնաբանությունը ներկայացրել»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Միևնույն ժամանակ, շարունակում ենք համոզված լինել, որ վարձկան-գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանյի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը»,- հավելել է ռուսական լրատվական գործակալության աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիևի իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արևելքից եկած վարձկանների թիվը հասնում է 2000-ի, հայտարարել է, թե ցավում է, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն և գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից:

«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ լավ կամ վատ վերաբերմունք ցանկացած երկրի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ որոշ պատճառներով որոշ երկրներ հատուկ զգացմունքներ են տածում հայերի նկատմամբ։ Եթե նրանք այդ մասին խոսում են իրենց երկրների անունից, ապա մենք դեմ չենք դրան։ Բայց եթե դուք միջնորդ եք, խնդրում եմ ձեզ, եղեք չեզոք և հեռու մնացեք մեղադրանքներից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեղադրում են մեզ վարձկանների հետ կապված, թե ինչ են արել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար խնդիր կլինի։ Մենք դա չենք անում։ Այդ պատճառով էլ գործընկերներից նույն բանն ենք ակնկալում»,- ասել է Իլհամ Ալիևը»,- հայտարարել էր Ալիևը՝ կրկին հերքելով Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ տեղեկությունները, որոնք բազմաթիվ ապացույցներով ներկայացվել են ոչ միայն հայկական կողմից, այլև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика