Վարձկանները ադրբեջանական անձնագրերով ներթափանցում են Ռուսաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։«Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը;

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում», իսկ հոկտեմբերի յոթին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է եւ կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:

Ապա ՌԴ ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումներ»։

Հիմա էլ Ստամբուլում լուրեր են պտտվում այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները երբ Սիրիայում հավաքագրում են ահաբեկիչներին, որպեսզի Ադրբեջան ուղարկեն Արցախի դեմ կռվելու, նրանցից մի մասին ադրբեջանական անձնագրեր են տրամադրում: Ու չի բացառվում, որ ոչ բոլոր ահաբեկիչներն են ի վերջո ճակատ հասնում։ Նրանց մի մասը, օգտվելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գործող ոչ վիզային ռեժիմից, կարողանում են անարգել հասնել Ռուսաստանի Դաշնություն, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում օրեցօր մեծանում է ահաբեկչության վտանգը:

Հիշեցնենք, որ ընդամնեը շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել գրոհայինների եւ իրավապահների միջեւ: Ավելին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե գրոհայինները Գրոզնի էին ներթափանցել արտերկրից, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանում:Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика