Այսպիսի նվեր դեռ ոչ ոք չի մատուցել Ռուսաստանին, ում նվերի ու ինչ նվերի մասին է խոսում փորձագետ Արբակ Խաչատրյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, մի քանի օր է՝ մամուլում ակտիվորեն քննարկվում է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը և հատկապես այն փաստը, որ չհստակեցվեցին ո՛չ գերիների վերադարձի, ոչ էլ Ղարաբաղի կարգավիճակի հարցերը։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք տեղի ունեցածի շուրջ։

– Ռուսաստանը կարող է իրականացնել իր «հոյակապ» ծրագիրը, և ձեր նշած հարցերն այլևս իր առաջնահերթությունների մեջ չեն։ Անկախ նրանից՝ Փաշինյանն իրավունք ուներ ժողովրդի անունից նման բան ստորագրելու, ժողովուրդը դա ընդունեց, թե ոչ, եկեղեցին ընդունում է, թե ոչ՝ Ռուսաստանն իր ծրագիրը իրականացնում է։ Ռուսաստանը դարձավ «խաղաղապահ»։ Թե դրանից ովքեր կօգտվեն՝ ժամանակը ցույց կտա։

Հիմա ամեն մի փողոցի շուն ասում է՝ հավաքվե՛նք, բռունցք դառնանք ու խփենք, բայց 20 տարի է՝ այս ամեն ինչը գծվում էր, ո՞ւր էիք։ Հենց առաջին օրն էլ ասել եմ՝ Նիկոլին Մոսկվան պահելու է, ու դա այդպես է։ Ինչի՞ համար. որպեսզի Ռուսաստանը լինի խաղաղապահ՝ օրինական կերպով։ Եթե հիմա ինչ-որ մեկը խանգարի այդ ծրագրին, կդառնա Մոսկվայի թշնամին։

Ի՞նչ է արվել Հայաստանում այս տարիների ընթացքում։ Ո՞ր քաղաքական ուժն է պայքարել դրսի դեմ, որ ստեղծի հնարավորություն Հայաստանի մեջքն ուղղելու համար։ Աշխարհը խորտակվի՝ սրանք կթալանեն, համակարգը չի փոխվում։ Միջազգային ոչ մի կազմակերպության հետ հարաբերություն չեն ստեղծել, որպեսզի երկիրը կարողանան փրկել։ Հիմա ասում են՝ ի՞նչ ստորագրեց, ի՞նչ արեց։ Ես հարցնում եմ արտաքին գործերի նախարարին՝ ինչի՞ համար ես ուղարկում Արցախ, որ ի՞նչ անի, ի՞նչ հարց կարող է լուծել։ Այսինքն՝ հիմա գրգռելու հարմար առի՞թ է, PR-ը դարձել է ամենագլխավոր զենքը։ Ի՞նչ է արել խորհրդարանը այս երկուսուկես տարվա ընթացքում, 10 տոկոսի օգուտ տվե՞լ է։ Հիմա ասում եք՝ ինչ եղավ Մոսկվայում. ինչ ասեցին, այն էլ եղավ։ Ո՞նց կարող է նա հրաժարվել այդ ծրագրերից։

– Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմությունն էլ մեծ հաշվով այլընտրանք չի առաջարկում։ Ոչ ոք չի ասում՝ մենք որ գանք, այդ համաձայնագիրը կչեղարկենք։

– Ոչ ոք չի կարող այլընտրանք առաջարկել։ Երբ ստորագրվեց եռակողմ «ամուսնության» պայմանագիրը, ես ասացի՝ Ռուսաստանը այս կառավարությունը կպահի, որովհետև նման նվեր ոչ ոք իրեն չի մատուցել։ 20-25 տարվա մեջ բոլորը հալածում են Ռուսաստանին, իսկ մենք այսպիսի նվեր ենք տալիս։ Ամերիկան ոչինչ չարեց, որովհետև այնտեղ «ատրադաշն» էր նստած։ Միակ մարդը, որ ուզում էր գործ անել, Մակրոնն է, որը հիմա կաշխատի, որ այս գործարքը Ռուսաստանի գլխին որպես սանկցիաներ ջարդվի։

Ամբողջ քաղաքը խոսում էր՝ ինչ է ստորագրելու, բայց ստացվեց, որ գնաց, ու ասացին՝ արխային եղիր, մենք քո հետ լավ ենք։ Ռուսաստանն էլ հզոր ծրագիր իրականացրեց՝ աշխարհին ցույց տվեց, որ ինքը միակն է, որ կարող է պատերազմ կանգնեցնել։

– Այսինքն՝ քաղաքական փոփոխություններ առաջիկայում չե՞ն լինի։

– Ռուսաստանը կուզի, որ նա մնա, բայց կստացվի, թե ոչ՝ հարց է։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է մարդուն եկեղեցի չթողնելը, այդքան կորուստ ունենալ ու չգնալ։ Վա՞խն է մեծ, չգիտեմ։ Ես չեմ ասում՝ գնալը ճիշտ է, որովհետև այստեղ մարդ չկա, Քրիստոս, որ կփրկի։ Աշխարհի հայության ինտելեկտուալ հատվածը պետք է հավաքվի ու ելքեր փնտրի։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика