Անի Երանյանը հուզել է Ելենա Արշակյանին 36-ամյակի առթիվ

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն այսօր տոնում է 36-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ելենան ասաց, որ օրը նշելու է ընտանիքի անդամների ու աշխատանքային ընկերների հետ, որոնց հետ, այսպես, թե այնպես, ամեն օր շփվում է: Մյուս բոլոր ընկերների հատուկ խնդրել է չգալ իրեն շնորհավորելու:

«Ես շատ եմ սիրում իմ տարեդարձի օրը, կուզեի ավելի մեծ խնջույք ունենալ, սակայն տեսակով դրական մարդ եմ, ամեն ինչի մեջ գտնում եմ պոզիտիվն ու դրականը: Ինձ համար էլ եմ միշտ տոն սարքում: Որոշեցի օրս անցկացնել միայն աշխատանքային ընկերներիս հետ, քանի որ մենք, այսպես, թե այնպես, ամեն օր միասին ենք, աշխատում ենք»,- ասաց նա ու հավելեց, որ կեսգիշերին ընկերներն իրեն անակնկալ են մատուցել:

–Ես մեր նկարչուհու՝ Մարիաննայի մոտ էի, քանի որ գիտեի, որ թիմիս անդամներից ամեն մեկը քաղաքի մի ծայրում է, իսկապես չէի սպասում, որ կգան: Իմ թիմում կան մարդիկ, որոնք վաղուց դադարել են գործընկեր լինել, իմ ընկերներն են: Կեսգիշերին եկան, շնորհավորեցին, շատ ջերմ օր ունեցանք, այնքան, որ չէինք ուզում բաժանվել, մինչև ուշ գիշեր, նստել ենք»:

Դերասանուհի Անի Երանյանն այսօր ծավալուն շնորհավորանք է գրել Ելենայի համար: Ռեժիսորը նկատեց, որ Անին իրեն շատ էր հուզել: «Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ թանկարժեք նվերներով ինձ չես զարմացնի: Ես, իհարկե, սիրում եմ նվերներ ստանալ, բայց երբեք չեմ նայում պիտակին: Ինձ տպավորելու համար ինձ պետք է նվիրել էմոցիաներ, ինչն ինձ համար ամենալավ բանն է: Անին կարողացավ ինձ այնպես հուզել, որ հոնգուր-հոնգուր լացում էի:

Իհարկե, ես իր շնորհավորանքով չէ, որ պետք է իմանայի իր վերաբերմունքի մասին, պարզապես Անին, ի զարմանս ինձ, շատ փակագծեր բացեց մեր ընկերության մասին: Ասաց մի բան, որն այլ դեպքում չէր ասի, քանի որ վաղուց փակվել է հանրության առաջ, ինչը, ըստ իս, ճիշտ է: Չեմ ուզում առանձնացնել որևէ տող, այդ տողատակերը շատերը կհասկանան, բայց իսկապես շատ էի հուզվել:

Մարդիկ գիտեն, որ ես դերասանների հետ, գրեթե, ընկերություն չեմ անում, բայց Անին դարձել է իմ ընտանիքի մասը, ու իր գրածը սիրտս մտավ»,- ասաց Ելենան ու հավելեց, որ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը ևս իր շնորհավորանքով հուզել է իրեն, պարզապես դա հնարային տիրույթում չկա:

Ելենան շեշտեց, որ ուրախ ու երջանիկ է, որ ունի ընկերներ, շրջապատված է իրեն ուրախ պահեր պարգևելու գաղտնիքն իմացող մարդկանցով: Ռեժիսորի ամենամեծ երազանքն այս պահի կյանքի նախկին տեմպին վերադառնալն է. «Պանդեմիան մեզ սովորեցրեց գնահատել մանրուքները: Պետք է երջանկություն գտնել իրար հետ նստելու, սրճելու, շփվելու, իրար ջերմ գրկելու մեջ: Գուցե սենտիմենտալ հնչի, բայց իսկապես ուզում եմ, որ այդ ամենը վերադառնա»:

Ելենայի մյուս երազանքը մասնագիտական է: «Ես ինձ համարում եմ երջանիկ ու կայացած կին, գործնականում դեռ սովորում եմ: Ես կին եմ, ով 36 տարեկանում դեռ սովորում է ВГИК-ում, նշանակում է՝ ես նոր բաներ եմ փնտրում: Յուրաքանչյուր մասնագետ սովորում է ամբողջ կյանքի ընթացքում, ես բացառություն չեմ: Ուզում եմ ավելի հեռուն գնալ իմ մասնագիտության մեջ: Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ իմ սիրելի մասնագիտությամբ:

Ուզում եմ նկարել իմ սրտի ֆիլմերը, հենց այդ ուղու վրա եմ,- ասաց նա ու հավելեց, որ հիմա կուրսային աշխատանքն է իրականացնում, թեման «Ղարաբաղյան հարցն» է: -Երեկ վարպետիս հետ էի խոսում, ասաց՝ ջղայնություն կա աշխատանքումդ, բաց թող դա, մի չարացիր ադրբեջանցիների հանդեպ: Գուցե նա ճիշտ է, գուցե իրենց համար հեշտ է կողքից այդպես գնահատել: Ես երազում եմ ֆիլմ նկարել, որն իսկապես իմ սրտից կլինի,բայց և ուզում եմ չարություն չտարածել: Դա իմը չէ: Ուզում եմ ֆիլմ մարդկային պարզ հարաբերությունների մասին»:

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика