Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ է բացառություն արել և ոչ հեղինակային երգ կատարել (տեսահոլովակ)

KarenSevak Production-ն այսօր ներկայացրել է «Մինչև վերջ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հոլովակը։ Երգի նախապատմությունը սկսում է 2016 թվականից՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից։ Երաժիշտները գրել են մեղեդին, Ավետ Բարսեղյանը՝ բառերը։ Պատմում են, որ դեռ այն ժամանակ Արթուր Գիրոգրյանը լսել է ստեղծագործությունն ու տղաներին ասել՝ «այս երգը ես պետք է երգեմ»։

Այնուամենայնիվ, երգի առաջին ձայնագրությունը եղել է երիտասարդ կատարողներ Տիգրան Կարապետյանի, Արտակ Հայրապետյանի և Գրիգոր Դավթյանի մասնակցությամբ, քանի որ նույն ժամանակահատվածում զուգահեռ եղել է «Կյանք ու կռիվ» ստեղծագործության պրեմիերան։ Երաժիշտ Կարեն համբարձումյանը Tert.am Life-ին հայտնեց, որ վերջերս, լսելով այս ստեղծագործությունն ու հիշելով կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի խոսքը, վճռել են՝ այս գործը պետք է նրա մատուցմամբ հասանելի լինի։

«Սկզբում մտածում էինք, որ խորհրդանշական կլինի, եթե այս երգը կատարեն երիտասարդ ու հանրությանը, գուցե, ոչ այնքան հայտնի երգիչներ։ Դա Ավետ Բարսեղյանի առաջարկն էր, այդպես էլ արեցինք։ Արդեն Արթուր Գրիգորյանի հետ համագործակցությունը շատ հապճեպ ստացվեց։ Հանդիպեցինք, հիշեցինք այդ դրվագն ու նա ասաց, որ կփորձի։ Արդյունքում եղան այս հոլովակը, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է»,- ասաց Կարենը։

Tert.am Life-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ իր ստեղծագործական կյանքում երկրորդ դեպքն է, երբ կատարում է ոչ հեղինակային երգ․ «Առաջինը Արամ Ավագյանի և Անիտա Հախվերդյանի «Շնորհակալ եմ» ստեղծագործությունն էր, որն իմ գրածը չէր։ Աա երկրորդ դեպքն է բավականին մեծ դադարից հետո»։ Երգը պատարեզմական իրավիճակի մասին է, որը, ըստ Կարենի, գրել են յուրահատուկ հոգեվիճակով։ Երգի տողերն ասում են՝ «պատերազմը չի հարցնում ոչ քո տարիքը, ոչ էլ կյանքի կարիքը»: Արթուր Գրիգորյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք երգն իր բառերով այնքան է տպավորել իրեն, որ որոշել է կատարել․ «Կատարեցի, որովհետև դա է իմ թեման է` իմ գլխավոր թեման»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика