Բնական միջոց թոքերն ու բրոնխները մաքրելու համար

Մարդու շնչառական համակարգը կենսական նշանակություն ունեցող կարևորագույն համակարգերից մեկն է, ուստի դրա առողջությունն ու մաքրությունը պահպանելը շատ կարևոր է։ Շնչառական համակարգի մաքրման պրոցեդուրաները հատկապես կարևոր են վիրուսների ու բակտերիաների ակտիվ տարածման շրջանում, քանի որ վարակման դեպքում ախտածին տարրերի դեմ պայքարի համար օրգանիզմն ավելի շատ խորխ է արտազատում, որը կարող է կուտակվել բրոնխներում ու թոքերում՝ վատթարացնելով շնչառական համակարգի աշխատանքը։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել եղևնուց կամ սոճուց պատրաստված բնական դեղամիջոցներ, որոնք մաքրում են թոքերն ավելորդ խորխից։ Առհասարակ փշատերև ծառերից պատրաստված դեղամիջոցներն ու անգամ փշատերև ծառերի պուրակում զբոսնելը շատ օգտակար է շնչառական համակարգի համար, քանի որ դրանցում պարունակվող եթերային յուղերն օգնում են դուրս բերել ավելորդ խորխն օրգանիզմից։ Healthinfo.ua կայքը ներկայացրել է երկու բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն մաքրել թոքերն ու բրոնխները լորձի կուտակումներից։

Եղևնու ընձյուղների թուրմ Եղևնու ընձյուղների թուրմը թոքերն ու բրոնխները մաքրելու լավագույն միջոցներից մեկն է։Այն ախտահանում է բրոնխներն ու մաքրում է թոքերը՝ բարելավելով թթվածնի հոսքն ու հեշտացնելով շնչառությունը։ Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ են եղևնու նուրբ ընձյուղներ։ Երիտասարդ ընձյուղները տարբերելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել դրանց փշերի գույնին։ Երիտասարդ փշերն ունենում են բաց կանաչ գույն և շատ ավելի նուրբ են լինում։ Բուժման ամբողջական կուրսի համար հարկավոր է առնվազն 3 կգ եղևնու ընձյուղ։

Թուրմի պատրաստման եղանակը. Թուրմը պատրաստելու համար հարկավոր է եղևնու ընձյուղները նախ լավ լվանալ, ապա լցնել մեկ լիտր տարողությամբ տարայի մեջ։ Ընձյուղների յուրաքանչյուր շերտը ծածկել շաքարի շերտով, շարունակել շարել ընձյուղները մինչև տարան լցվի, ծածկել կափարիչով ու դնել սառնարան։ Տարան հարկավոր է երեք շաբաթ թողնել սառնարանում, որպեսզի այն լցվի փշատերևների արտազատած հյութով, այնուհետև այդ հյութը քամել, լցնել փոքրիկ տարաների մեջ և պահել սառնարանում։

Օգտագործման եղանակը. Թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ մեկական թեյի գդալ։ Այն որևէ կերպ կապված չէ սննդակարգի հետ, ուստի ընդունման ժամերը կարելի ընտրել ըստ ցանկության։ Այս դեղամիջոցով բուժման կուրս ավարտվում է թուրմի ավարտվելու հետ մեկտեղ։ Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել տարեկան մեկ անգամ։

Սոճու կոներով կաթ շնչուղիները մաքրելու համար Այս կաթը հատկապես օգտակար է ծխողների համար, քանի որ համարվում է շնչառական համակարգը մաքրող լավագույն միջոցներից մեկը։ Այն նաև շատ օգտակար կլինի հաճախակի բրոնխաբորբի ու թոքաբորբի դեպքում։

Դեղամիջոցի պատրաստման եղանակը. Այս կաթի պատրաստման համար անհրաժեշտ է սոճու երեք երիտասարդ (կանաչ) կոն։ Դրանք հարկավոր է լավ լվանալ հոսող ջրի տակ, այնուհետև լցնել կոները խորը տարայի մեջ, ավելացնել մոտ մեկ թեյի գդալ սոճու խեժ ու երկու բաժակ եռման կաթ։ Ստացված խառնուրդը լցնել թերմոսի մեջ և թրմել 3-4 ժամ։ Պատրաստ լինելուն պես դեղամիջոցը հարկավոր է քամել և ընդունել օրական երկու անգամ (առավոտյան դատարկ ստամոքսին և քնելուց առաջ) մեկական բաժակ։

Քամելուց հետո մնացած կոները կարելի է կիրառել ևս երկու չափաբաժնի պատրաստման համար։ Այս մեթոդով բուժման ամբողջական կուրսը տևում է 1,5-2 ամիս` կախված շնչառական համակարգի աղտոտվածության մակարդակից։ Սոճու կոներով կաթը շատ օգտակար բնական միջոց է, քանի որ պարունակում է եթերայուղեր, որոնք պաշտպանում են շնչառության օրգանները տարատեսակ բակտերիաներից ու վիրուսներից։ Բացի այդ, դրանում պարունակվում է նաև խեժ, որը հանդես է գալիս կապող բաղադրիչի դերում, կուտակում է լորձն ու օգնում այն արագ դուրս բերել օրգանիզմից։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են կօգնեն հեշտությամբ մաքրել թոքերը կուտակված լորձից, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика