Երգիչ Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներն ու հիմքում եղած իրական, հուզիչ սիրո պատմությունը

Երգիչ Արամեն այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Երգի ու տեսահոլովակի առաջին մանրամասներն ու լուսանկարները նա վստահել է Tert.am Life-ին: Ըստ երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանի`այս աշխատանքը տարբերվում է Արամեի մյուս երգերից. Երգի և տեսահոլովակի հիմքում իրական պատմություն է:

«Սովորաբար գրվում է երաժշտությունը, հետո խոսքերը, բայց այս անգամ մեր աշխատանքը յուրահատուկ է: Խոսքերի հեղինակը Գրիգոր Ադամյանն է, ով կապ չունի շոու բիզնեսի հետ, երբեք երգերի բառեր չի գրել: Նա երիտասարդ տարիներին ապրել է իր ընտանիքից հեռու, քանի որ դա շատ տարիներ առաջ է եղել, նամակագրական կապ է պահել իր կնոջ հետ: Գրիգորի կինն այդ նամակները պահել է մինչև օրս, դրանցից մեկում Գրիգորը կնոջը սիրո խոստովանություն է արել ու խոսքեր գրել,- ասաց Սյոման և պարզաբանեց, որ իրեն դիմել է Գրիգորի կինը`առաջարկելով այդ բառերի հիման վրա երգ գրել: -Պատմությունը մեզ շատ հուզեց, որոշեցինք կյանքի կոչել այս նախագիծը»:

Ռիչարդ Մադլենյանը գրել է երաժշտությունը, Արսեն Բարսամյանն արել է գործիքավորումը: Երգը ռուսերեն է, կոչվում է «Корабль жизни»: «Մոտ մեկ տարի է՝ այս գաղափարն իրագործման փուլում է, բայց այն ավարտին հասցնելու համար ժամանակ չէինք ունենում: Հիմա հարմար պահ է, քանի որ Հայաստանում ենք, ազատ ժամանակ ունենք: Սա մեծ անակնկալ էր Գրիգորի համար, քանի որ նա նույնիսկ տեղյակ չէր, որ կինը պահել է նամակը, իսկ հիմա այդ խոսքերը երգ են դարձել»,-պատմեց պրոդյուսերը:

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանն Արամ Նիկոլյանն է: «Նկարահանման 2 օր ենք ունեցել. առաջին օրը նկարահանել ենք բնության գրկում, երկրորդ օրը՝ տաղավարում: Նկարահանումների ընթացքում պարետատան սահմանած կանոնները պահպանել ենք: Պրեմիերան նախատեսում ենք մինչև հուլիսի վերջ»,- ասաց Սյոման: Նրա խոսքով`գլխավոր հերոսուհին Հայաստանից է և մարմնավորում է Գրիգորի կնոջը. «Նրան քաստինգով ենք ընտրել, նախկինում նկարահանվելու փորձ չի ունեցել, բայց ռեժիսորն աղջկա աշխատանքից գոհ է: Գրիգորին մարմնավորում է Արամեն, ով այստեղ ներկայանում է թե՛ որպես երգիչ, թե՛ դերասան»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика