Ինչ անսպասելի քայլ կարող է անել Հայաստանի Ազգային ժողովը գերիների հարցով

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է, որ «մենք հիմա մեկ հարց ունենք լուծելու՝ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց հետ վերադարձի հարցը: Մնացած ոչ մի հարց քննարկման անգամ առարկա չպետք է դարձնենք»: Այս մոտեցումը ներկայում շատերն են կիսում Հայաստանում, եւ դա բնական է մարդկային տեսակետից:

Բաքուն հայ գերիներին չի վերադարձնում, նրանց համարելով դիվերսանտ-ահաբեկիչներ: Ներկայում գերության մեջ գտնվող հայերի մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո, այդ թվում ռուս խաղաղապահների մասնակցությամբ՝ Հադրութում, եւ այս հանգամանքով է Բաքուն պարզաբանում իր մոտեցումը, ՄԻԵԴ-ում բերելով նաեւ ռուսական կողմի համաձայնությունը:

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանը, չնայած ՀՀ վարչապետի հավաստիացմանը, թե ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, եթե այդ հարցը չլուծվի, այդ հարցն անգամ չկար օրակարգում, որը հրապարակեց հանդիպման նախաձեռնողը՝ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ Փաշինյանը ստորագրեց հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում էլ Պուտինը նրան «սփոփեց», որ հույս ունի՝ այդ հարցը ապագայում կլուծվի:

Ակնհայտ է, որ գերիների հարցը Բաքվի ու Մոսկվայի համար ճնշման ու շանտաժի հարմար լծակ է ոչ միայն Հայաստանի դեմ, այլեւ իրար միջեւ չկարգավորված խնդիրների, մասնավորապես խաղաղապահների մանդատի, պարզաբանման համար: Սրա մասին բացահայտ խոսում են արդեն Կրեմլի հետ կապված փորձագետները:

Այս ֆոնին, որքանով է արդյունավետ միայն գերիների հարցը միակ օրակարգը դարձնելու եւ այլ հարցեր չքննարկելու, միջազգային կառույցների հետ աշխատելու հայկական մոտեցումը: Դրանք իհարկե անհրաժեշտ են, բայց ինչպես ասում է նույն Տարոն Սիմոնյանը, միջազգային կառույցները չեն կարողանում ազդել Բաքվի դիրքորոշման վրա:

Հարցը տվյալ դեպքում դուրս է զուտ միջազգային եւ հումանիտար իրավունքի, այսպես կոչված եռակողմ փաստաթղթի 8-րդ կետի շրջանակներից եւ Երեւանից պահանջում է համարժեք մոտեցում: Մոսկվայի ու Բաքվի նպատակը Հայաստանին հենց նման քննարկումներում «փակելն» է՝ այլ հարցերում Հայաստանի շահերի հաշվին պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Այս պարագային, մեծ անելիք ունի Հայաստանի Ազգային ժողովը, որը կառավարության խամաճիկության պայմաններում կարող է քննարկումներ նախաձեռնել Արցախի ճանաչման, դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, եռակողմ հայտարարության իրավաչափության, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ, որոնցից այդքան զգուշանում են Մոսկվան ու Բաքուն:

Հայաստանը բազմաթիվ հաղթաթղթեր ունի, որոնք հաջողությամբ նսեմացված ու լռության են մատնված ռուսական եւ որ ցավալի է՝ հայկական մեդիա տարածությունում: Գերիների եւ ցանկացած հարց կարելի է լուծել խնդիրները, մեղադրանքներն ու պատասխանատվությունը ճիշտ ուղղությամբ ու փաստարկներով դնելու դեպքում:

Նույնիսկ եռակողմ հայտարարությունը կարելի է շուռ տալ դրա հեղինակների դեմ՝ պարզապես պետք է գիտակցել ու կիրառել սեփական ներուժն ու հնարավորությունները:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика