Հրաչուհի Ութմազյանը 34-ամյակը տանը նշելու և անակնկալի մասին

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն այսօր նշում է 34-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ընկերները, սովորաբար, կեսգիշերին գալիս են իրեն շնորհավորելու, բայց այս տարին բացառություն էր: «Այս տարի գիշերվա հավաքույթը փոխարինեցինք զանգով, քանի որ այլ իրականության մեջ ենք ապրում: Օրս սկսվեց կեսգիշերին ծնողներիս ու հորաքրոջս շնորհավորանքներով:

Կարծում եմ` լավագույն ու հետաքրքիր ծննդյան օրերից մեկն է, որը կանցկացնեմ տանը`ընտանիքիս անդամների հետ: Շատերը մտածում են, եթե ծննդյան օրը տանն ես անցկացնում, չպետք է լավ անցնի, բայց ինձ համար այդպես չէ»,-ասաց նա: Քանի որ օրեր առաջ Հրաչուհին երգիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ անակնկալ էր մատուցել, նրանից հետաքրքրվեցինք` Հակոբից անակնկալ ստացե՞լ է. «Րոպեներ առաջ հորաքույրս ասաց, որ դրսում ինձ անակնկալ է սպասվում: Դուրս եկա ու տեսա փուչիկներ, մոմերը վառված տորթ ու ծաղիկներ: Պարզվեց` Հակոբն ու Արմենն էին հեղինակը, թողել էին բակում ու գնացել:

Այնպես որ, իմ «փալոններն» էլ ինձ հասան»,-ասաց նա` պարզաբանելով, որ «Հակոբի՛կ, քեզի համար փալոններ բերած եմ» արտահայտությունը «Փարիզյան դատավճիռ» ներկայացումից մի հատված է, որը դիտել են ու ասացվածք դարձրել: Հոբելյարը խոստովանեց, որ նախորդ տարվանից շատ գոհ է, հրաշալի տարի է ունեցել, հաջորդ տարին գծագրել չի շտապում. «Հատկապես այս օրերին հասկացանք, որ ոչինչ չենք կարող պլանավորել: Այս տարի ու, առհասարակ, երբեք ոչինչ չեմ պլանավորում, քանի որ դա ամենաանշնորհակալ գործն է: Գործնականում պլանավորում եմ, կյանքում` ոչ,-ասաց նա և հավելեց, որ տարեցտարի մեծացող թվերից չի նեղսրտում, քանի որ դրանք ընդամենը թվեր են:

-Յուրաքանչյուր հաջորդ տարի ինձ ավելի շատ եմ սիրում, քանի որ ավելի պարզ եմ սկսում տեսնել կյանքը: Եթե մարդն ինքն իր հետ հաշտ է, լավ հարաբերություններ ունի, տարիքը երբեք չի խանգարի»: Ըստ Հրաչուհու՝ չնայած տոնական տորթի մոմերը փչելիս երազանքներ մտապահում է, ինքը նպատակի մարդ է. «Այդ պահին ինչ-որ երազանք մտապահում եմ, բայց իրական նպատակների կողմնակից եմ: Ուզում եմ, որ ծնողներս, ինձ շրջպատող մարդիկ, հարզատներս ու ընկերներս առողջ լինեն: Տարիքի հետ հասկացա, որ սա ամենակարևոր բանն է: Մնացածն ինքս կանեմ»:

Խոսելով իր սպասելիքների մասին` հաղորդավարուհին ընգծեց. «Սպասելիքներ փորձում եմ չունենալ, որ հետո հիասթափությունները ցավոտ չլինեն: Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչն այսօր ունեմ, մնացածը Աստծո ձեռքերում է: Ինչպես Էքզյուպերին է ասում Աստծուն ուղղված իր նամակում` թող Տերը տա ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ այն, ինչ իրականում ինձ պետք է»:

Մարիամ Խաչատրյան:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика