Միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին արտահերթ ընտրություններ անել Ռուբեն Հակոբյան

Արտահերթ ընտրությունները նոր բաժանումներ և բևեռներ են ձևավորելու՝ արդյունքը հստակ է՝ լինելու է ավելի բզկտված, անվտանգության իմունիտետը թուլացած, պառակտված Հայաստան։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե թշնամիդ ամեն օր հարավից և հյուսիսից շարունակում է «GPS-ացնել» Հայաստանը: Արտահերթ ընտրությունները Հայաստանում քաոս են ստեղծելու, և այն ձեռնտու է երկու հոգու՝ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ կայուն իրավիճակում, երբ ընտրություններ են լինում, մրցակցություն է լինում, և հասկանալիորեն հասարակությունը բաժանվում է, բայց այսօր, երբ անհանդուրժողականությունը և ագրեսիվությունն այսքան մեծ է՝ պատկերացնո՞ւմ եք, եթե ընտրություններ լինեն, ի՞նչ կկատարվի:

Միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին անել արտահերթ ընտրություններ, այս առումով «Հայրենիքի փրկության շարժման» որոշումը շատ ճշգրիտ էր՝ նախ պետք է հասնել նրա հրաժարականին, այնուհետև մեկ տարվա ընթացքում պետք է կարողանալ ապահովել կայունությունը՝ կասեցնել պետության գահավիժումը և հետո իրականացնել ընտրություններ, միակ ճանապարհը դա է»,- նշեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների, հանդիպումները որքանո՞վ են իրատեսական, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Բացառում եմ, որ նորմալ քաղաքական ուժը, հասկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, համաձայնվի գնալ արտահերթ ընտրության։ Նպատակը, որը Նիկոլ Փաշինյանը դրել է՝ շատ ճղճիմ է և Հայաստանին ձեռնտու չէ, և դա բոլորն են հասկանում: Եթե որևէ քաղաքական ուժ գնա Փաշինյանի հետ խորհրդակցության, անպայման պետք է պահանջի նրա հրաժարականը, և դա պետք է արվի ուղիղ եթերում և պետք է բացատրել նրան, որ դու շարունակում ես գլխատել Հայաստանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իր հրաժարականի համար ժողովրդի պահանջ չկա, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Նրա համար «ժողովուրդ» ասվածը 2018 թվականի այն 200-250 հոգին էին, որ կոտրեցին Ռադիոտան դուռը, ներս մտան և հեղաշրջում իրականացրին, նրա համար ժողովուրդը դա է: Ինքը չի ուզում հաշվի նստել այն բացահայտ իրողության հետ, որ երկու վեհափառները, Գիտությունների ակադեմիան, նախագահը, գրեթե բոլոր բուհերը պահանջում են իր հրաժարականը:

Հայկական քաղաքական մշակույթի մեջ ես չեմ հիշում նման համախմբվածություն: Ժողովրդի շատ փոքր մասը կարողություն չունի հասկանալու սուտը, քծնանքը, նրան առայժմ ընդունում է ժպիտով, ժողովրդի անունից խոսելով՝ կարողանում է առնել այդ մասսային: Հասկանալի պատճառներով հանրահավաքներն այդքան էլ մարդաշատ չեն, և իրեն թվացել է, որ ովքեր հանրահավաքի չեն գնում, պաշտպանում են իրեն: Իր բացառիկ գործիքը, որ այս ամբողջ ընթացքում օգտագործեց՝ ագրեսիվ պոպուլիզմն է և այսօր էլ շարունակում է օգտագործել, երբ խոսում է ժողովրդի մասին»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика