«Որդին մեր երջանկությունն է՛լ ավելի լիարժեք կդարձնի»․ Մանոյի 36-ամյակի հուզիչ անակնկալն ու ամենամեծ ցանկությունը

Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը, երեկ նշել է ծննդյան 36-ամյակը։ Մանոն Tert.am Life-ին հայտնեց, որ ստեղծված իրավիճակն իրեն չի տրամադրել տոնական որևէ միջոցառում կազմակերպել անգամ մեկուսացման ու տան պայմաններում։ Մանոի հետ խոսել են ընտանեկան երջանկության, այն ավելի լիարժեք դարձնելու ցանկության և դստրերի հուզիչ անակնկալի մասին։

Ըստ Մանոյի՝ օրվա զգացողություններն այս տարի բոլորովին այլ էին։ Նա նշեց, որ խոսքը ո՛չ տխուր, ո՛չ ուրախ լինելու մասին է և շարունակեց․ «Եթե համեմատական անցկացնեմ գիտակցական կյանքիս մյուս բոլոր տարեդարձների հետ, այս տարի ներքուստ չունեի այն զգացողությունը, որ ես հոբելյար եմ ու իմ ծնունդն է։ Առանձնապես տրամադրված էլ չէի, կարծես, սովորական մի օր լիներ, ինչպես մյուս բոլոր օրերը։ Պարզապես մեկ թիվ ավելացավ ու մեկ տարով էլ մեծացա։ Շատ մեծ ցանկության դեպքում կարող էի այս պայմաններում էլ մի բան կազմակերպել, բայց իսկապես տրամադրված չէի»։

Խոսելով նվերների մասին՝ Մանոն ասաց, որ դստրերն անչափ հուզել են իրեն․ «Աղջիկներս ինձ համար շատ հետաքրքիր անակնկալ էին պատրաստել։ Յանան ու Էվան մի քանի օր նախապատրաստվում էին, վերջին օրն արդեն չէին համբերում, անընդհատ ասում էին՝ այստեղ չգնաս, այնտեղ չնայես ու այդպես շարունակ։ Այնքան էին խոսել իրենց անակնկալից, որ մոտավորապես հասկանում էի, թե ինչ է լինելու։ Վերջը չհամբերեցին ու մի քանի ժամ շուտ մատուցեցին իրենց անակնկալը։

Շատ հուզիչ էր, որովհետև իրենց մոտ եղած գումարով փոքրիկ զարդատուփ էին ձեռք բերել, լուսանկարներ կտրատել, կոլաժ պատրաստել, բարեմաղթանքներ գրել, ձեռնոցներ դրել տուփի մեջ, որտեղ նաև գրություն էին թողել՝ «Թող կորչի կարանտինը»։ Իրականում էական չէր, թե վերջում ինչ են նվիրելու, միայն իրենց նախապատրաստվելն արդեն բավական էր։ Ամեն ինչ արեցին, որ մայրիկին ուրախացնեն և օրը հետաքրքիր դարձնեն»։

Մանոն ծիծաղելով խոսքեց Սարգսի նվերի մասին․ «Սարգիսն ինձ նախօրոք հարցրել էր՝ փո՞ղն ես ուզում, թե՞ նվեր գնեմ։ Սկզբում ասացի՝ գումարը, բայց երբ տարեդարձիս առավոտյան գումարը տվեց, հասկացա, որ նվերն եմ ուզում։ Այնպես որ, Սարգսից դեռ նվեր չեմ ստացել»։ Մանոն նշեց, որ կյանքում ունի կարևորագույնը՝ ընտանեկան լիարժեքություն ու երջանկություն։ Խոսելով որդի ունենալու մասին՝ պարուհին ժպիտով նկատեց, որ այդ մասին հաճախ է մեկնաբանություններ կարդում․ «Որդի ունենալու մեծ ցանկություն ունենք, սակայն դա կլինի Աստծո կամոք։

Փառք Աստծո, առողջական որևէ խնդիր չկա, ուղղակի դեռ չի ստացվում։ Մենք հասկանում ենք, որ ոչ միշտ է լինում այն, ինչ ցանկանում ես։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Այս պահի դրությամբ որդին մեր երջանկությունն է՛լ ավելի լիարժեք կդարձնի, իսկ դա, վստահ եմ, կլինի անկախ ամեն ինչից։ Իրականում, մեզ համար բացարձակ միևնույն է երրորդ բալիկը կլինի տղա, թե աղջիկ, բայց երրորդն ունենալը մեր մեծ ցանկությունն է։ Բացի դա, մեր ընտանիքում որևէ այլ բաց չկա։ Ամուսնուս անունից չխոսեմ, բայց, կարծում եմ, Սարգիսն էլ է ինձ հետ համակարծիք։ Շատ ենք ցանկանում, ամեն դեպքում, եթե չլինի, ուրեմն այդպես էր պետք։ Եթե փիլիոսոփայորեն պատասխանեմ, գուցե, ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այնպես չենք արել»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика