Պшրուհի դերшսшնուհի Սոֆի Դևոյшն կրտսերը տեսшհոլովшկում նկшրшհшնվելու և գործնшկшն шռшջшրկները ծնողների հետ քննшրկելու մшսին

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն օրերս նկարահանվել է սկսնակ երգիչ Տիգրան Շահինյանի «Քանի կամ» կոչվող երգի տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ, ճիշտ է, Տիգրանը սկսնակ է, բայց նրան մեծ ապագա է սպասվում: «Առաջարկը ստացա նրա կողմից ու համաձայնեցի: Մինչև այս Տիգրանին չէի ճանաչում, ծանոթացել եմ տեսահոլովակը նկարահանելուց մեկ օր առաջ:

Իհարկե կարևոր է, որ երգիչը հայտնի լինի, բայց ինձ համար սկզբունք չէ: Յուրաքանչյուրիս սկիզբն էլ մի կետից եղել է, պետք է աջակցենք, որ մյուսներն էլ սկսեն: Իմ կողմից փորձել եմ անել ամեն ինչ, որ տեսահոլովակը ստացված լինի,-ասաց նա և հավելեց, որ սա տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի ներկայանալու իր առաջին փորձն է.-Մայրիկիս` Զարուհի Բաբայանի տեսահոլովակներում նախկինում նկարահանվել եմ, ինչն ինձ շատ օգնեց: Ամեն ինչ շատ հեշտ ստացվեց, բարդություններ չեղան, նույնիսկ փորձում էի Տիգրանին օգնել: Նկարահանեցինք մեկ օրում»:

Սոֆիի խոսքով` հոգնածություն, բնականաբար, եղել է, բայց քանի որ ցանկացել են աշխատանքից մաքսիմալ արդյունք ստանալ, այն մի կողմ են դրել: Տեսահոլովակում Սոֆիի կերպարն այնքան էլ բարենպաստ պայմաններում չի ապրում, աշխատում է` որպես մատուցողուհի, ունի հիվանդ մայր, ով տեսահոլովակի վերջում լավանում է: «Նկարահանումների ընթացքում ինձ պետք էր աչքի չընկնող, դերիս համապատասխան հագուստ: Իմ պահարանից մինիմալստիկական ոճի մեջ հագուստ դժվարությամբ գտանք»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նկարահանվելու առաջարկներն ընդունելիս` պարուհին պատասխանեց. «Ինձ համար ամենակարևորը սցենարն է, մինչև չեմ կարդում, համաձայնությունս չեմ տալիս: Կարևոր է նաև, թե ում տեսահոլովակն է, քանի որ եթե ի սկզբանե չհասկանանք իրար, վստահ եմ` տեսահոլովակը լավ չի ստացվի: Այս երկուսից հետո կարևորում եմ ֆինանսական կողմը, քանի որ ամեն մեկի աշխատանքն էլ պետք է վարձատրվի ըստ արժանավույն,-ասաց նա` պարզաբանելով, որ իր հետ կապված բոլոր գործնական հարցերով զբաղվում են ծնողները.-Մեր տանը ամեն ինչ քննարկվում ենք միասին, քանի որ մեկ ընտանիք ենք, իսկ բոլոր առաջարակների համար նախ զանգահարում են ծնողներիս»:

Ըստ պարուհու մարդը կարող է հասցնել ամեն ինչ, եթե ցանկություն ունի. «Իմ առջև տատիկիս օրինակն է, ով զբաղվել է և՛ պարարվեստով, և՛ դերասանությամբ: Եթե կա ցանկություն, համատեղելը դժվար չէ: Պետք է ուղղակի ամեն օր աշխատես քեզ վրա, որ քո գործում լավը լինես»: Խոսելով սերիալներում չնկարահանվելու մասին` Սոֆին ասաց, որ տեսախցիկը շատ է կարոտում ու փորձում է տեսահոլովակներում նկարահանվելու միջոցով լրացնել բացը:

Եթե հետագայում հնարավորություն և ժամանակ ունենա, կնկարահանվի նաև սերիալներում: «Նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, քանի որ Երևանում չէի, սովորում էի Ռուսաստանում: Հիմա էլ չեմ կարող ընդունել երկարաժամկետ նախագծերում նկարահանվելու առաջարկներ, քանի որ գուցե արդեն սեպտեմբերին կարողանամ մեկնել Ռուսաստան: Դասերս սկսվել են, ես օնլայն եմ միանում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ պարի դասերի դեպքում, բայց համաճարակային իրավիճակով պայմանավորված, այս պահին մեկնել չեմ կարող»:

Մարիամ Խաչատրյան

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика