Պարգև քահանան Փաշինյանին չբարևելու մասին

Այսօր միջադեպ տեղի ունեցավ Սիսիանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցելել էր մարզ, եղել Սիսիանի քաղաքային պանթեոնում, մտավ նաև Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Դուրս գալուց նա փորձեց բարևել Պարգև քահանա Զեյնալյանին, ով հրաժարվեց նրան բարևել։ Այս միջադեպը բուռն քննարկվեց սոցցանցերում, ոմանք սա որակեցին արժանապատիվ քայլ, ոմանք էլ՝ քննադատեցին՝ համարելով հոգեւորականին ոչ հարիր պահվածք։

Պարգև քահանան ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դա անձնական դրսևորում էր. «Պարզ է, թե այդ մոտեցումն ինչի հետ է կապված։ Մենք չգիտեինք, որ նա եկեղեցի է մտնելու։ Ես սպասում էի, որ պետք է արարողության գնայի, իր մտնելն էլ չեմ տեսել։ Իրեն ոչ մեկ չի հանել, չի վռնդել, չի ասել մի մտի։ Ինչ-որ ասվել է, ասվել է իբրև քահանա։ Ինչ-որ ասել եմ իրեն, ինքը լսել է»։

Քահանան, սակայն, հրաժարվեց ասել, թե ինչ է ասել Փաշինյանին։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե քահանան նման պահվածք դրսևորելու իրավունք չուներ, Պարգև քահանան ասաց. «Ես այդտեղ մոտեցել եմ որպես անհատ և իմ մոտեցումն ունեմ։ Ես խորանից չեմ քարոզում, թե այս արեք, կամ այն արեք, ես քաղաքական քարոզ չեմ անում։ Դա իմ մոտեցումն է, իմ խնդիրն ու անձնական դիրքորոշումն է»։

Նշենք, որ քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, ֆեյսբուքյան իր էջում բոլորին հորդորել էր հավաքվել և շրջափակել եկեղեցին։ Պարգև քահանան ասաց, որ եկեղեցուց դուրս է եկել, քանի որ հուղարկավորության է մասնակցում և չգիտի, թե եկեղեցու մոտ ինչ է կատարվում։ Իսկ ինչ վերաբերում է զինված անվտանգության աշխատակիցների եկեղեցում գտնվելուն, քահանան նշեց.«Դա էլ իրեց խղճին թող լինի»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика