Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել որում ուրվագծել է մոսկովյան այցի առաջնահերթությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարության հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Ըստ գրառման՝ դրանք են. ռազմագերիների, զոհվածների մարմինների լիարժեք վերադարձ, նաև լիարժեք որոնողափրկարարական աշխատանքներ արցախյան պատերազմի գոտում՝ անհետ կորածներին հայտնաբերելու համար: Մյուս առաջնահերթությունը տրանսպորտային հաղորդուղիների լիարժեք բացումն է՝ Հայաստանի և Ադրբեջանի համար հավասարապես: Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ խոսք չկա Մեղրու կամ ՀՀ որևէ այլ հատվածով «միջանցքի» մասին: Հայաստանի վարչապետն այդպիսով ակնարկում է, որ խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապահովման մասին է:

Անշուշտ, ծանր պարտության, մարդկային ու տարածքային ծանրագույն կորուստների, ինքնիշխանությանը հասցված էական հարվածի պայմաններում խոսել այն ամենի մասին, ինչի մասին նշում է Նիկոլ Փաշինյանը, չափազանց բարդ է ու ծանր: Հայաստանում բոլորը ցանկանում են խոսել թշնամու հանդեպ ռևանշի, կորսված հաղթանակը հետ բերելու մասին, և դա միանգամայն բնական է:

Մյուս կողմից՝ որքան էլ ծանր է պարտությունը, դրա անընդմեջ ռեժիմից դուրս գալու համար պետք է այն ընդունել, չհամակերպվել, սակայն հաշվի առնել ստեղծված իրողություններն ու, դնելով նվազագույն անհրաժեշտ խնդիրները, սկսել կառուցել նոր հաղթանակի ճանապարհը: Այդ ճանապարհին Փաշինյանի թվարկած առաջնահերթությունները իսկապես կարևոր են, հատկապես դրանցից առաջինը՝ գերիների վերադարձ և անհետ կորած զինծառայողների վերադարձ, եթե նրանք ողջ են, և նրանց մարմինների վերադարձ, եթե զոհվել են:

Միաժամանակ, Հայաստանը պետք է պատրաստ լինի տրանսպորտային հաղորդուղիների բացմանը՝ օգտվելով այդ ռեժիմից հենց իր հաղթանակի ճանապարհը կառուցելու համար: Բայց դրա համար շատ կարևոր է, որ հաղորդուղիները բացվեն առանց որևէ նախապայմանի կամ այլ կերպ ասած՝ առանց Արցախի և Հայաստանի հարցում իրավաքաղաքական որևէ զիջման, ռազմաքաղաքական կշռի որևէ գրամ թուլացման, եթե անգամ այդ կշիռը նվազել է էապես:

Ակնառու է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հաղորդուղիների բացումը դիտարկում են հենց Հայաստանին թելադրվելիք պայմանների համատեքստում՝ հրաժարում հայկական հարցի իրավունքներից, Արցախից մինչև Կոստանդնուպոլիս: Էրդողանը բազմաթիվ անգամներ արտացոլել է այդ առնչությամբ խնդիրները և վախերը: Ռուսաստանը ավանդաբար հակված է Թուրքիայի վախերը բավարարելուն՝ ունենալով սեփական վախերը: Արցախի դեմ պատերազմի նպատակը ոչ միայն կոնկրետ ռազմական հաղթանակն ու Կովկասում ամրանալն էր, այլ նաև Հայաստանին վախեր հաղորդելը, վախեր պարտադրելը: Մենք նոյեմբերի 10-ից հետո տեսնում ենք հենց այդ ուղղությամբ աշխույժ թուրք-ադրբեջանական աշխատանք:

Այդ իմաստով Հայաստանի առաջնահերթությունն անշուշտ որևէ սադրանքի չտրվելն է, բայց նաև որևէ վախի չտրվելն ու այդ ազդեցության ներքո իրավունքներից հրաժարման որևէ համաձայնության չգնալը: Վարչապետ Փաշինյանի գրառումը հուշում է, որ մեծ հավանականությամբ տեղի է ունենալու մոսկովյան եռակողմ հանդիպումը, ինչի մասին խոսվում է մամուլի ոչ պաշտոնական աղբյուրների մակարդակում: Փաշինյանը փաստացի հայտնում է, թե ինչ օրակարգով, ինչ առաջնահերթությամբ է մեկնելու Մոսկվա:

Դա շատ կարևոր է, սակայն բաց է մնում հարցը, թե ինչ կարող է պահանջվել Հայաստանից: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետը չի շոշափում մեկ այլ կարևոր հարց՝ Սյունիքում սահմանազատման խնդիրը: Թե՞ այդտեղ առաջնահերթությունը մնացել է ցավերին դիմանալը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика