Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և սննդաբան Լիլիթ Բասյանի որդու 6-ամյակի խնջույքն ու երազանքի նվերը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և սննդաբան Լիլիթ Բասյանի որդին՝ Ալեքսանդրը, օրերս դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ մանկական ժամանցի վայրերից մեկում կազմակերպված խնջույքի հետաքրքիր դրվագները ֆիքսել է Tert.am Life-ը:

Օրվան մայր ու որդի են պատրաստվել, խնջույքի թեմատիկան էլ միասին են ընտրել. «Խնջույքի նախապատրաստական աշխատանքներով ես եմ զբաղվել, տորթի և օրվա թեմատիկան ես ու Ալեքսը միասին ենք ընտրել: Հիմա նա շատ է սիրում BallStars խաղը, հերոսների հավաքածու ունի: Հենց այդ հերոսներով էլ պատվիրել էինք տորթը: Ալեքսին ասել էի, իբր այդ դիզայնով տորթ ստանալ չենք կարող: Երբ տեսավ, որ իրականում իր ուզած տորթն ունի, շատ ուրախացավ»:

Լիլիթը նշեց, որ խնջույքի հյուրերը միայն ամենամտերիմ մարդիկ էին, հիմնականում փոքրիկի ընկերները՝ մայրիկների հետ: Հայրը՝  դերասան Ալեքսանդր Բաբասյանը, խնջույքին միացել է երեկոյի վերջում՝ տորթի կտրման ժամանակ:

«Քանի որ այդ օրը նաև իր հայրիկի ծնունդն է, նրան միասին կտրեցին տորթը,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ անկախ իր և նախկին ամուսնու հարաբերություններից, հայր ու որդի ամեն օր տեսնվում են,- հայրն իր տեղն ունի, մայրը՝ իր: Երեխայի հետ շատ կամ քիչ ժամանակ անցկացնելու խնդիր չկա»:

Լիլիթը պատմեց, որ վաղ առավոտյան էլ որդուն անակնկալ են մատուցել հայրիկի հետ: «Ես ու իր հայրը փուչիկներ էինք պատրաստել ու թաքցրել նվերը, առավոտյան Ալեքսն արթնացավ, գտավ նվերն ու շատ ուրախացավ: Նա երազում էր հեռախոս ունենալ, բայց մենք դեմ էինք, որովհետև աչքի հետ կապված խնդիր ունի: Քանի որ նա հաճախ է լինում իմ ծնողների մոտ, որոշեցինք հեռախոս նվիրել տեսազանգերի համար՝ պայմանով, որ հեռախոսի մեջ խաղ չի լինելու: Իրականում ընտրել ենք այնպիսի մոդել, որով չի էլ կարող խաղ խաղալ, հզորությունը թույլ չի տա»,- ասաց մայրիկը:

Փոքրիկն այս տարի դպրոց է գնալու: Թեև Լիլիթը ռուսական կրթություն ունի, որդին հայկական դպրոց է գնալու: «Միշտ միասին ենք դաս անում, ես ռուսական կրթություն ունեմ: Ինձ համար մի փոքր բարդ կլինի դասապատրաստման պրոցեսը, բայց վստահ եմ՝ կհաղթահարեմ, այսպես կլրացնեմ նաև իմ բացթողածը»- ժպիտով ասաց մայրիկը:

Օրվա մյուս հոբելյարը՝ Ալեքսանդր Բաբասյանն էլ նշեց, որ օգոստոսի 15-ն իր ամենասիրելի օրն է: «Ես միշտ շատ եմ սիրել այդ օրը, քանի որ իմ տարեդարձի օրն ինձ համար միշտ շատ կարևոր է եղել: Ալեքսանդրի ծննդից հետո օրվա նշանակությունն ինձ համար կրկնապատկվեց: Տարվա բոլոր օրերի նշանակությունն իրար գումարած չարժեն այդ մեկ օրվան, որովհետև ես շատ եմ սիրում ինձ և շատ եմ սիրում իմ որդուն: Աշխարհում ամեն ինչից շատ սիրում եմ իմ որդուն»,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ որդու ծննդյան 6 տարվանից 4-ի ժամանակ համատեղ խնջույք են կազմակերպել, 2 անգամ՝ առանձին:

«Քանի որ Ալեքսանդրին հիմա հետաքրքիր է մանկական միջավայրը, նախընտրեցինք իր համար մանկական խնջույք կազմակերպել: Ես առանձին նշեցի իմ ծնունդը, ավելի ուշ միացա իր խնջույքին, որի ավարտից հետո կրկին շարունակեցի տոնել իմ ծնունդը»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика